Տղամարդու անպտղություն

Հղիություն կարող է տեղի չունենալ նաև այն դեպքում, երբ կան խանգարումներ նաև տղամարդու օրգանիզմում: Տղամարդու անպտղությունը ևս լինում է «առաջնային» (երբ տղամարդու՝ որևէ զուգընկերոջ հետ չպաշտպանված սեռական հարաբերությունների արդյունքում հղիություն տեղի չի ունեցել) և «երկրորդային» (եթե տվյալ տղամարդուց թեկուզ մեկ կին հղիացել է՝ անկախ հղիության ավարտից):

Հարկ է ընդգծել, որ տղամարդու անպտղությունը ոչ պակաս հաճախ, քան կանանց անպտղությունը անպտուղ ամուսնության պատճառ է հանդիսանում: Ենթադրվում է, որ նորմալ սերմի հասունացմանը նպաստում է պատնեշի առկայությունը, որը բաղկացած է հյուսվածքների մի քանի շերտերից, որոնք պաշտպանում են հասունացող սպերմատոզոիդները վնասակար նյութերի ներթափանցումից: Դրա խանգարումը կարող է տեղի ունենալ իոնիզացված ռադիացիայի ազդեցության տակ: Բայց հաճախ տղամարդու անպտղության պատճառ են հանդիսանում նախկինում տարած բորբոքային հիվանդությունները (օրխիտ՝ ամորձիների բորբոքում, էպիդիդմիտ՝ մակամորձու բորբոքում, պրոստատիտ՝ շագանակագեղձի բորբոքում), որոնք հատկապես ախտահարված են խլամիդիաներով ու գոնոկոկերով:

Սերմի որակը կարող է փոփոխվել նաև ընդհանուր ծանր հիվանդությունների՝ թունավորման (թմրամոլություն, ալկոհոլիզմ) պայմաններում, ինչպես նաև վնասակար ֆիզիկական և քիմիական գործոնների ազդեցության և նեյրոէնդոկրին խանգարումների դեպքում: Հազվադեպ դեպքերում տղամարդու անպտղության պատճառներն են հանդիսանում սեռական թուլությունը, որը խոչընդոտում է սերմի դուրս բերմանը, միզուղիների զարգացման արատները: Այդ դեպքում միզուղու անցքը բացվում է առնանդամի մակերեսի առջևի կամ հետևի մասում կամ անգամ փոշտի շրջանում: Տվյալ դեպքում առնանդամը կորացած է և սերմը չի կարողանում հայտնվել հեշտոցի խորքում:

Եթե զույգերից ոչ մեկի մոտ նման խանգարումներ չկան, բայց հղիանալ չի հաջողվում և հատուկ ստուգումները բացահայտում են զույգերի անհամատեղելիությունը, ապա խոսքը գնում է իմունոլոգիական անհամատեղելիությամբ պայմանավորված անպտղության մասին: Այդ դեպքում զույգերից երկուսի մոտ էլ երեխաներ կարող են ծնվել այլ ամուսնության դեպքում, բայց տվյալ դեպքում կնոջ մոտ առաջանում է ալերգիա սպերմատոզոիդների կամ տղամարդու սպերմայի այլ բաղադրիչների նկատմամբ: